Վեբ Կայք |
Ցանցակայքը (անգլերեն website, հայերեն նաև վեբ կայք, վեբ սայթ, ինտերնետ կայք կամ ցանցային կայք) հարաբերակցվող ցանցաէջերի, պատկերների, տեսանյութերի կամ այլ թվային միջոցների հավաքածու է, որոնք խնամորդվում են (hosted) սովորաբար ինտերնետից մատչելի մեկ ցանցային սպասարկչում (server): Ցանցաէջը մի փաստաթուղթ է, որը սովորոբար գրված է (X)HTML լեզվով, որը գրեթե միշտ մատչելի է HTTP հաղորդակարգով (protocol), որը փոխանցում է տեղեկությունները ցանցային կայքից գործածողի ցանցային զննարկիչի (browser) վրա: Հանրությանը մատչելի բոլոր ցանցակայքերը միասին համարվում են «Համաշխարհային սարդոստայն» (World Wide Web): Ցանցային կայքի էջերը սովորաբար մատչելի են գլխավոր ցանցաէջ (homepage) կոչվող URL տեղորոշչից (locator) և սովորաբար գտնվում են նույն ֆիզիկական սպասարկչի վրա: Էջերի URL տեղորոշիչները կազմակերպում են էջերը որոշակի հիերարխիայով, այդուհանդերձ, դրանց միջև եղած հիպերկապերն (hyperlinks) են պատասխանատու այն բանի համար, թե ինչպես է ընթերցողն ընկալում համընդհանուր կառուցվածքը (overall structure) և ինչպես է տվյալների հոսքը (traffic) կայքի տարբեր մասերի միջև: Որոշ ցանցակայքերի անհրաժեշտ է բաժանորդագրվել` դրանց բովանդակությանն ամբողջական կամ մասնակի մատչում (access) ստանալու համար: Այդպիսին են գործարար շատ կայքեր, լրատվական կայքերի մի մասը, գիտական ամսագրերի կայքերը, խաղերի կայքերը, հաղորդագրությունների վահանակները (message boards), ցանցային հիմք ունեցող էլեկտրոնային փոստը, ծառայությունները, սոցիալական ցանցի ցանցակայքերը, ինչպես նաև արժեթղթերի շուկայի իրական ժամանակի տվյալներ տրամադրող կայքերը: Քանի որ բովանդակությունը դիտելու համար այդ կայքերը պահանջում են վավերացում (authentication), դրանք, փաստորեն, ինտրանետային կայք են: Ըստ իրականացվող ֆունկցիայի` ցանցակայքերը կարող են լինել հետևյալ տեսակների.
Ցանցակայքերը գրվում են HTML (գերտեքստային նշման լեզու) լեզվով կամ դինամիկ կերպով փոխարկվում են դրան և մատչելի են գործածողի գործակալ (user agent) կոչվող ծրագրակազմային փոխկապակցիչի (software interface) միջոցով: Ցանցաէջերը կարելի դիտել կամ որևէ այլ ձևով մատչել տարբեր տեսակի համակարգաչային հիմք ունեցող կամ ինտերնետային ընձեռմամբ տարբեր չափսերի սարքերից, ներառյալ` սեղանադիր (desktop) և գոգդիր (laptop) համակարգիչները, PDA-ները և բջջային հեռախոսները: Ցանցաէջը ՚՚՚՚հյուրընկալվում է (is hosted) համակարգչային համակարգի վրա, որը կոչվում է ցանցային սպասարկիչ (web server) (նաև կոչվում է HTTP սպասարկիչ): Այս եզրերը կարող են նաև վերաբերել այն ծրագրակազմին, որն աշխատեցնում է այս համակարգերը, առբերում (retrieve) և ներկայացնում է ցանցաէջերը` համաձայն գործածողների խնդրանքների: Առավել հաճախ գործածվում է Apache ցանցային սպասարկիչը (ըստ Netcraft-ի վիճակագրության): Լայնորեն կիրառվում է նաև Microsoft-ի Internet Information Server-ը (IIS): |